Եթե երկու խոսքով ներկայացնելու լինենք «Վալդայում» Պուտինի նշանավոր ելույթը, ապա կարող ենք այն բնութագրել որպես ուժի դիրքից Արևմուտքին ուղղված աշխարհակարգը փոխելու և այն ավելի անվտանգ, արդարացի ու բոլորի համար իրավունքների հավասարություն ապահովող դարձնելու պահանջ։
Եվ նրա խոսքը հենվում էր ոչ միայն իր ուժի, այլ նաև աշխարհի բոլոր հակաարևմտյան հավաքական ուժերի ու հզորության վրա։
Այլ խոսքով, նա ոչ արևմտյան հավաքական ուժի դիրքից արեց ներկայում դոմինանտ Արևմուտքի ուժային քաղաքականության դեմ ուղղված վճռական քայլ՝ դա համեմելով համամարդկային շահերն արտացոլող պահանջների շարքով։
Այսինքն, արեց մի քայլ, որը մարդկության երկար ու ձիգ պատմության ընթացքում արել է ցանկացած նոր ուժ՝ պահանջելով իրեն հասանելիք և իր ուժին համապատասխան տեղ արևի տակ։
Այսինքն, դա, ըստ էության, ուժային քաղաքականությանը հատուկ մեթոդներով ոչ ուժային քաղաքականության պահանջ էր հակառակորդից։
Եթե մի քիչ ավելի խորանանք տեղի ունեցածի բուն էության մեջ, ապա դա աշխարհում տեղի ունեցած տեկտոնական բնույթի ուժային տեղաշարժերի հետևանքով ստեղծված նոր պայմաններում ուժային հավասարակշռության պահանջ էր պարզապես։
Նման ելույթը ավելի շուտ նպատակ ուներ մեկ անգամ ևս ֆեքսել ուժերի նոր հարաբերություններն ու շարունակել Արևելքի ու Գլոբալ Հարավի ուժերի մոբիլիզացումը։
Բացի դրանից, այդ ելույթով դրվեց նաև մեկ այլ գլոբալ հարց՝ ուժեղի ու թույլի հավասարության հավերժական ու շատ դժվար իրագործելի պահանջը և համընդհանուր արդարության պահանջը։
Եվ շատ հատկանշական է, որ հենց նույն օրերին տեղի ունեցավ ուժի դիրքից իրականացված մի այլ աղաղակող անարդարացի քայլ՝ Արցախի ժողովրդի ստիպողական տեղահանումը, որը կարող է նկարագրվել մեկ բառով՝ գենոցիդ։
Այն անտարբերությունը, որով կարող ուժերը վերաբերվեցին այդ ամեն սահմանն անցած անարդարությանը՝ ղեկավարվելով միմիայն ուժերի ու շահերի խաղով, ցույց է տալիս, որ բառերի ու գործողությունների հավերժական հակասությունը ինչպես եղել է, այնպես էլ մնում է, և բառերը միայն թույլերի ու միամիտների համար են։
Եթե շարունակենք Պուտինի ելույթի առաջ քաշած հիմնարար հարցերի քննարկումը, ապա զարմանքով կարող ենք տեսնել, որ դրանցում բացակայում են ժամանակակից աշխարհի երկու հիմնական մտահոգությունները, որոնք իրենցով պայմանավորում են մյուս բոլոր ֆունդամենտալ բնույթի մտահոգությունները, այն է՝ երկրագնդի գերբնակեցումը և ռեսուրսների սպառումն ու այդ սպառման տեմպը։
Վերջինս, այսինքն, ռեսուրսների սպառման տեմպը կարևորագույն պարամետր է, որի անալիզով կարելի է խորանալ համաշխարհային բիզնեսի ու հարստության համար անսանձ մրցավազքի բուն էության մեջ։
Այդ հարցը մի քիչ ավելի մոտից տեսնելու համար բավական է հետևել վերջին 40-50 տարիների ընթացքում միկրոէլեկտրոնիկայի և ինֆորմացիոն ու կոմունիկացիայի նոր տեխնոլոգիաների գլխապատառ ու համարյա ինքնանապատակ զարգացումը Արևմուտքի ներսում, որի գլխավոր շարժիչ ուժը հարստանալու մոլուցքն է։
Բանն այն է, որ մի կողմից մարդկանց թիվը որևէ պետության ուժի ու հզորության հիմնական պարամետրն է, և ուժային քաղաքականության դեպքում այդ թվի արագ աճը երկիրը դարձնում է ավելի մրցունակ, բայց մյուս կողմից էլ, եթե բոլորն են այդպես վարվում, ապա դա ռեսուրսների սպառման տեսանկյունից հակասում է մարդկային քաղաքակրթության հարատևման տարրական պահանջներին։
Դա էլ իր հերթին նշանակում է, որ երկրագնդի վրա մարդկանց թվի ու դրա փոփոխության տեմպի կառավարումն ու ռեսուրսների օգտագործման տեմպի կառավարումը պետք է դառնան մարդկային քաղաքակրթությանը հուզող հարցերի առանցքը։
Այս պրոբլեմի մասշտաբները և դրա պարունակած ռիսկային պոտենցիալը գոնե մոտավորապես հասկանալու համար մի պահ կարելի է պատկերացնել խմելու ջրի հետ կապված ապագա կոնֆլիկտների պոտենցիալը և առանց ուժային մոտեցումների դրանք լուծելու պրակտիկ անհնարինությունը։
Պավել Բարսեղյան